Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսի մուտքը Երուսաղէմում։ Տաճարումը ցոյց տուած իշխանութիւնը։ Երկո…

Քրիստոսի մուտքը Երուսաղէմում։ Տաճարումը ցոյց տուած իշխանութիւնը։ Երկու որդիներ ունեցող մարդի առակը։

1Եւ * երբոր Երուսաղէմին մօտեցան՝ եւ Բեթփագէ եկան * Ձիթենեաց սարի մօտ, այն ժամանակ Յիսուսը երկու աշակերտ ուղարկեց, 2Եւ ասեց նորանց. Գնացէք այդ գիւղը՝ որ ձեր առաջն է, եւ շուտով այնտեղ մի էշ կ’գտնէք կապած եւ մի աւանակ նորա հետ. Արձակեցէք բերէք ինձ մօտ։ 3Եւ եթէ մէկը բան ասէ ձեզ, ասեցէք, թէ Նորանք Տիրոջը պէտք են. Եւ նա շուտով կ’ուղարկէ նորանց։ 4Բայց այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռով խօսուածը, որ ասում է. 5* Ասեցէք Սիօնի աղջկանը. Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս, հեզ՝ եւ էշն ու աւանակի քուռակը հեծած։ 6* Աշակերտներն էլ գնացին՝ եւ արին ինչպէս որ Յիսուսը հրամայեց նորանց. 7Էշը եւ աւանակը բերին՝ եւ * իրանց հանդերձները նորանց վերայ գցեցին, եւ նա նորանց վերայ նստեց։ 8Եւ խիստ շատ ժողովուրդներ իրանց հանդերձները ճանապարհի վերայ փռեցին. * ուրիշներն էլ ծառերիցը ճիւղեր էին կտրում եւ ճանապարհումը փռում։ 9Եւ առաջից եւ ետեւից գնացող ժողովուրդները աղաղակում էին եւ ասում. * Ովսաննա Դաւիթի Որդուն, * օրհնեալ է Տիրոջ անունովն եկողը. Ովսաննա բարձունքներումը։

10* Երբոր նա Երուսաղէմ մտաւ, բոլոր քաղաքը դղրդաց եւ ասեց. Սա ո՞վ է։ 11Եւ ժողովուրդներն ասում էին. Սա Յիսուս * մարգարէն է՝ Գալիլեայի Նազարէթիցը։

12Եւ Յիսուսը մտաւ Աստուծոյ տաճարը եւ դուրս արաւ տաճարի մէջ բոլոր ծախողներին եւ առնողներին, եւ * փող փոխողների սեղանները եւ աղաւնի ծախողների աթոռները կործանեց. 13Եւ ասեց նորանց. Գրուած է՝ * Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. Եւ * դուք աւազակների այր էք արել դորան։

14Եւ տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր եկան նորա մօտ եւ նա նորանց բժշկեց։ 15Երբոր քահանայապետները եւ դպիրները տեսան այն հրաշքները որ արաւ, եւ այն երեխաներին էլ տաճարումն աղաղակելիս եւ ասելիս՝ Ովսաննա Դաւիթի Որդուն, նեղացան. 16Եւ ասեցին նորան. Լսո՞ւմ ես, դորանք ի՞նչ են ասում։ Յիսուսն էլ ասեց նորանց. Այո, դուք երբէք չէ՞ք կարդացել թէ * Մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնութիւն կատարեցիր։

17Եւ նա նորանց թողելով գնաց քաղաքիցը դուրս՝ * Բեթանիա եւ գիշերն այնտեղ մնաց։

18Եւ * առաւօտանց երբոր ետ էր դառնում քաղաքը, սովեց։ 19Եւ * այն ճանապարհի վերայ մի թզենի տեսնելով, գնաց նորա մօտ, եւ նորա վերայ մի բան չ’գտաւ բայց միայն տերեւ. Եւ նորան ասեց. Այլ եւս քեզանից պտուղ չ’լինի յաւիտեան. Եւ թզենին իսկոյն չորացաւ։ 20Եւ * աշակերտները տեսնելով զարմացան եւ ասեցին. Ի՞նչպէս թզենին իսկոյն չորացաւ։ 21Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. * թէ որ հաւատք ունենաք եւ * չ’երկմտիք, ոչ թէ միայն կ’անէք թզենիին եղածը, * այլ թէ որ այդ սարին էլ ասէք՝ վեր կաց եւ ընկիր ծովը, կ’լինի։ 22Եւ * ամեն ինչ որ աղօթքի մէջ խնդրէք հաւատալով, կ’առնէք։

23Եւ * երբոր եկաւ տաճարը, նա սովորեցնելիս, քահանայապետները եւ ժողովրդի ծերերը նորա մօտ եկան եւ * ասեցին. Ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները, եւ ո՞վ տուաւ քեզ այդ իշխանութիւնը։ 24Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզանից մէկ բան կ’հարցնեմ. Եթէ այն ինձ ասէք, ես էլ ձեզ կ’ասեմ թէ ինչ իշխանութիւնով եմ անում այս բաները։ 25Յովհաննէսի մկրտութիւնը ո՞րտեղից էր, երկնքի՞ց թէ մարդկանցից. Եւ նորանք իրանց մէջ միտք էին անում եւ ասում. 26Եթէ ասենք՝ երկնքից, կ’ասէ մեզ՝ Ապա ի՞նչու չ’հաւատացիք նորան. Իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդիցը վախենում ենք, որովհետեւ * ամենքը Յովհաննէսին մարգարէի տեղ են ընդունում։ 27Եւ պատասխանեցին Յիսուսին եւ ասեցին. Չ’գիտենք։ Նա էլ նորանց ասեց. Ես էլ չեմ ասիլ ձեզ՝ թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։

28Բայց ի՞նչպէս է երեւում ձեզ. Մի մարդ երկու որդի ունէր. Եւ եկաւ առաջինին ասեց. Որդի, գնա այսօր իմ այգումը բան արա։ 29Նա էլ պատասխանեց եւ ասեց. Չեմ կամենում. Բայց յետոյ զղջաց եւ գնաց։ 30Եւ միւսի մօտ գնաց եւ ասեց այնպէս. Նա էլ պատասխանեց եւ ասեց. Կ’գնամ, տէր. Եւ չ’գնաց։ 31Հիմա այս երկուսից ո՞րն արաւ հօր կամքը։ Նորան ասեցին. Առաջինը։ Յիսուսը նորանց ասեց. * Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մաքսաւորները եւ պոռնիկները ձեզանից առաջ կ’մտնեն Աստուծոյ արքայութիւնը։ 32* Որովհետեւ Յովհաննէսն եկաւ ձեզ մօտ արդարութեան ճանապարհով, եւ չ’հաւատացիք նորան, * բայց մաքսաւորները եւ պոռնիկները հաւատացին նորան. Եւ դուք տեսնելով չ’զղջացիք յետոյ, որ հաւատաք նորան։

33Մի ուրիշ առակ լսեցէք. Մի տանուտէր մարդ կար՝ * որ այգի տնկեց եւ նորան ցանգով պատեց. Եւ նորա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. Եւ տուաւ նորան մշակների, եւ * գնաց հեռու աշխարհք։ 34Եւ երբոր պտղի ժամանակը մօտեցաւ, ուղարկեց իր ծառաները մշակների մօտ՝ * նորա պտուղները առնելու։ 35* Եւ մշակները նորա ծառաներին բռնեցին՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։ 36Դարձեալ ուղարկեց ուրիշ ծառաներ առաջիններից շատ, եւ նորանց էլ այնպէս արին։ 37Վերջապէս իր որդուն նորանց մօտ ուղարկեց ասելով, իմ որդուցը կ’ամաչեն։ 38Բայց մշակներն որդուն տեսնելով, իրանք իրանց ասեցին. * Սա է ժառանգը, * եկէք սորան սպանենք, եւ նորա ժառանգութեանը տիրենք։ 39Եւ * բռնեցին նորան, այգուցը դուրս հանեցին եւ սպանեցին։ 40Արդ՝ երբոր այն այգու տէրը գայ, ի՞նչ կ’անէ այն մշակներին։ 41* Նորան ասեցին. * Չարերին չարաչար կ’կորցնէ, եւ * այգին կ’տայ ուրիշ մշակների, որ պտուղները կ’տան նորան իրանց ժամանակներումը։ 42Յիսուսը նորանց ասեց. * Դուք երբէք չէ՞ք կարդացել գրքումը՝ Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ. Սա Տիրոջիցը եղաւ, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։ 43Սորա համար ասում եմ ձեզ. Որ * Աստուծոյ արքայութիւնը ձեզանից վեր կ’առնուի եւ մի ազգի կ’տրուի, որ նորա պտուղներ կ’բերէ։ 44Եւ * այս քարի վերայ ընկնողը կ’փշրուի. Եւ ում վերայ որ նա ընկնի՝ * կ’ջարդէ նորան։

45Եւ երբոր քահանայապետները եւ Փարիսեցիները նորա առակները լսեցին, հասկացան՝ որ իրանց համար է ասում։ 46Եւ ուզում էին որ բռնեն նորան, բայց ժողովուրդներիցը վախեցան. Որովհետեւ * նորան մարգարէի տեղ էին ընդունում։

*21.1 Մար. ժա. 1։ Ղուկ. ժթ. 29։

*21.1 Զաք. ժդ. 4։

*21.5 Ես. կբ. 11։ Զաք. թ. 9։ Յովհ. ժբ. 15։

*21.6 Մար. ժա. 4։

*21.7 դ Թագ. թ. 13։

*21.8 Տես Ղև. իգ. 40։

*21.9 Սաղ. ճժը. 25։

*21.9 Սաղ. ճժը. 26։ Գլ. իգ. 39։

*21.10 Մար. ժա. 15։

*21.11 Գլ. բ. 23։ Ղուկ. է. 16։ Յովհ. զ. 14։

*21.12 բ Օր. ժդ. 25։

*21.13 Ես. ծզ. 7, 8։

*21.13 Երեմ. է. 11։ Մար. ժա. 17։ Ղուկ. ժթ. 46։

*21.16 Սաղ. ը. 2։

*21.17 Մար. ժա. 11; Յովհ. ժա. 18։

*21.18 Մար. ժա. 12։

*21.19 Մար. ժա. 13։

*21.20 Մար. ժա. 20-24։

*21.21 Գլ. ժէ. 19, 20։ Ղուկ. ժէ. 6։

*21.21 Յակ. ա. 6։

*21.21 ա Կոր. ժդ. 2։

*21.22 Գլ. է. 7։ Մար. ժա. 24։ Ղուկ. ժա. 9։ Յակ. ե. 16։ ա Յովհ. դ. 22։ ե. 14։

*21.23 Մար. ժա. 27-33։ Ղուկ. ի. 1-8։

*21.23 Ել. բ. 14։ Գոր. գ. 7։ է. 27։

*21.26 Գլ. ժգ. 5։ Մար. զ. 20։ Ղուկ. ի. 6։

*21.31 Ղուկ. է. 29, 50։

*21.32 Գլ. գ. 1 ևլն։

*21.32 Ղուկ. գ. 12, 13։

*21.33 Սաղ. ձ. 9։ Երգ. ը. 11։ Ես. ե. 1։ Երեմ. բ. 21։ Մար. ժբ. 1։ Ղուկ. ի. 9։

*21.33 Գլ. իե. 14, 15։

*21.34 Երգ. ը. 11, 12։

*21.35 բ Մն. իդ. 21։ լզ. 16։ Նէեմ. թ. 26։ Գլ. ե. 12։ իգ. 34, 37։ Գոր. է. 52։ ա Թես. բ. 15։ Եբր. ժա. 36, 37։

*21.38 Սաղ. բ. 8։ Եբր. ա. 2։

*21.38 Սաղ. բ. 2։ Գլ. իզ. 3։ իէ. 1։ Յովհ. ժա. 53։ Գոր. դ. 27։

*21.39 Գլ. իզ. 50։ Մար. ժդ. 46 ևլն։ Ղուկ. իբ. 54 ևլն։ Յովհ. ժը. 12 ևլն։ Գոր. բ. 23։

*21.41 Տես Ղուկ. ի. 16։

*21.41 Ղուկ. իա. 24։ Եբր. բ. 2, 3։

*21.41 Գոր. ժդ. 46։ ժե. 7։ ժը. 6։ իը. 18։ Հռովմ. թ. ժ. ժա։

*21.42 Սաղ. ճժը. 22։ Ես. իբ. 16։ Մար. ժբ. Ղուկ. ի. 17։ Գոր. դ. 17։ Եփես. բ. 20։ ա Պետ. բ. 6, 7։

*21.43 Գլ. ը. 12։

*21.44 Ես. ը. 14, 15։ Զաք. ժբ. 3։ Ղուկ. ի. 18։ Հռովմ. թ. 33։ ա Պետ. բ. 8։

*21.44 Ես. կ. 12։ Դան. բ. 44։

*21.46 Հմր. 11։ Ղուկ. է. 16։ Յովհ. է. 40։