Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսի ծնունդը։ Հրեշտակի աւետիսը։ Քրիստոսի թլփատուիլը. Տաճար տարուի…

Քրիստոսի ծնունդը։ Հրեշտակի աւետիսը։ Քրիստոսի թլփատուիլը. Տաճար տարուիլը։ Սիմէօն ծերունին և Աննան մարգարէանում են նորա մասին։ Քրիստոսը Նազարէթ է գնում և զարգանում իմաստութեամբ։

1Եւ այն օրերումն եղաւ, որ հրաման դուրս եկաւ Օգոստոս կայսերից, որ բոլոր աշխարհ գրուի։ 2* Սա առաջին աշխարհագիրն եղաւ Կիւրենի՝ Սիւրիայի կուսակալութեան ժամանակումը։ 3Եւ ամենքը գնում էին գրուելու՝ ամեն մէկն իր քաղաքը։ 4Յովսէփն էլ Գալիլեայիցը՝ Նազարէթ քաղաքիցը գնաց Հրէաստան * Դաւիթի քաղաքն, որ Բեթլէհէմ է կոչվում. Որովհետեւ * նա Դաւիթի տանիցը եւ ազգիցն էր. 5Որ գրուի իր նշանած Մարիամի հետ, որ յղի էր։ 6Եւ եղաւ երբոր նորանք այնտեղ էին. Նորա ծնելու օրերը լրացան։ 7Եւ * իր անդրանիկ որդին ծնեց, եւ պատեց խանձարուրներով եւ մսուրի մէջ դրաւ. Որովհետեւ այն իջեւանումը տեղ չ’կար նորանց համար։

8Եւ այն տեղումը հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին։ 9Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նորանց առաջին, եւ Տիրոջ փառքը նորանց շուրջը ծագեց. Եւ * մեծ վախով վախեցան։ 10Եւ հրեշտակն ասեց նորանց. Մի վախենաք, որովհետեւ ահա մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ, * որ բոլոր ժողովրդին պիտի լինի. 11* Թէ այսօր ձեզ * Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է * Քրիստոս Տէրը։ 12Եւ այս լինի ձեզ նշան. Մի երեխայ կ’գտնէք խանձարուրներով պատած, եւ մսուրի մէջ դրած։ 13Եւ * յանկարծակի այն հրեշտակի հետ եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում. 14* Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ * խաղաղութիւն, եւ * մարդկանց մէջ հաճութիւն։ 15Եւ եղաւ երբոր հրեշտակները նորանցից վերացան երկինքը, այն հովիւ մարդիկն իրար ասեցին. Եկէք գնանք մինչեւ Բեթլէհէմ, եւ տեսնենք այս եղած բանը, որ Տէրը ցոյց տուաւ մեզ։ 16Եւ շտապելով եկան եւ գտան Մարիամին եւ Յովսէփին, եւ երեխային՝ մսուրի մէջ դրած։ 17Եւ երբոր տեսան՝ իմացրին այն բանն, որ այս երեխայի համար ասուեցաւ նորանց։ 18Եւ բոլոր լսողները զարմացան այն բաների համար, որ հովիւները նորանց հետ խօսեցան։ 19* Իսկ Մարիամն այս բոլոր բաները պահում էր, եւ իր սրտումը մտածում էր։ 20Եւ հովիւները ետ դառան. Աստուծուն փառաբանում եւ օրհնում էին այն բոլոր բաների համար, որ լսեցին եւ տեսան, ինչպէս որ նորանց ասուեցաւ։

21* Եւ երբոր ութ օր լրացաւ, որ մանուկը թլփատուէր, * նորա անունը Յիսուս կոչուեցաւ, այն որ հրեշտակիցը կոչուած էր՝ նա դեռ արգանդումը չ’յղացուած։

22Եւ երբոր նորա * մաքրուելու օրերը լրացան, Մովսէսի օրենքի պէս, նորան տարան Երուսաղէմ, որ Տիրոջ առաջին կանգնեցնեն։ 23Ինչպէս Տիրոջ օրէնքումը գրուած է, թէ * Ամեն արու որ արգանդ բանայ, Տիրոջը սուրբ պիտի կոչուի։ 24Եւ * որ Տիրոջ օրէնքումը ասուածին պէս պատարագ բերեն մի զոյգ տատրակ, կամ աղաւնու երկու ձագ։

25Եւ ահա Երուսաղէմումը մի մարդ կար, որի անունը Սիմէօն էր, եւ այս մարդը արդար եւ աստուածավախ էր, եւ սպասում էր * Իսրայէլի մխիթարութեանը, եւ Սուրբ Հոգի կար նորա վերայ։ 26Եւ նորան պատգամ էր եղած Սուրբ Հոգիիցը, * որ մահ չի տեսնիլ, մինչեւ որ Տիրոջ Քրիստոսին կ’տեսնէ։ 27Եւ * Հոգիովն եկաւ տաճարը, եւ երբոր ծնողքը Յիսուս երեխային բերին, որ օրէնքի սովորութեան պէս նորա վերայ անեն, 28Նա էլ առաւ նորան ընդունեց իր գիրկը, եւ Աստուծուն օրհնեց, եւ ասեց. 29* Հիմա արձակում ես քո ծառային, ով Տէր, քո խօսքի պէս խաղաղութիւնով. 30Որովհետեւ * իմ աչքերը տեսան քո փրկութիւնը, 31Որ պատրաստեցիր ամեն ժողովուրդների առաջին։ 32* Լոյս՝ հեթանոսներին լուսաւորելու, եւ փառք՝ քո Իսրայէլ ժողովրդի համար։ 33Եւ Յովսէփը եւ նորա մայրը զարմացել էին այն բաների վերայ, որ նորա համար խօսվում էին։ 34Եւ Սիմէօնն օրհնեց նորանց, եւ նորա մայր Մարիամին ասեց, Ահա այս մանուկը կայ * Իսրայէլի մէջ շատերի համար ընկնելու եւ կանգնելու եւ * հակառակութեան նշան։ 35Եւ իսկ * քո անձովը սուր կ’անցնէ, որ շատ սրտերից խորհուրդներ յայտնուին։

36Եւ այնտեղ էր Աննա մարգարէուհին՝ Փանուէլի աղջիկն՝ Ասերի ցեղիցը. Սա ինքը շատ օրեր էր անցրել, եւ իր կուսութեան ժամանակիցն եօթը տարի էր ապրել մարդու հետ. 37Եւ ութսուն եւ չորս տարուայ չափ որբեւայրի էր, որ տաճարիցը չէր հեռանում. Ծոմերով եւ աղօթքներով * գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստուծուն։ 38Սա էլ նոյն ժամումը վերկացաւ՝ Տէրիցը գոհանում էր եւ խօսում էր նորա մասին այն ամենին * որ Երուսաղէմի մէջ փրկութեան սպասում էին։

39Եւ երբոր ամենը Տիրոջ օրէնքի պէս կատարեցին, ետ դառան Գալիլեա՝ իրանց Նազարէթ քաղաքը։ 40* Երեխան էլ աճում էր եւ զօրանում հոգիով՝ իմաստութիւնով լցուած. Եւ Աստուծոյ շնորհքը նորա վերայ էր։

41Եւ նորա ծնողքը * տարուց տարի Երուսաղէմ էին գնում զատկի տօնին։ 42Եւ երբոր նա տասնեւերկու տարեկան եղաւ, նորանք տօնի սովորութեան պէս Երուսաղէմ գնացին, 43Եւ երբոր օրերը կատարելուց յետոյ ետ դառան, Յիսուս տղան Երուսաղէմումը մնաց. Եւ չ’իմացան Յովսէփը եւ նորա մայրը, 44Եւ կարծելով, թէ նա ճանապարհակիցների հետ կ’լինի, մի օրուայ ճանապարհ եկան՝ եւ նորան որոնում էին ազգականների եւ ծանօթների մէջ։ 45Եւ երբոր նորան չ’գտան, ետ դառան Երուսաղէմ եւ որոնում էին նորան։ 46Եւ երեք օրից յետոյ եղաւ, որ նորան տաճարի մէջ գտան, վարդապետների մէջ նստած՝ նորանց ականջ էր դնում, եւ նորանցից հարցնում էր։ 47* Եւ ամենքն, որ նորանից լսում էին, զարմանում էին նորա իմաստութեան եւ պատասխանների վերայ։ 48Եւ երբոր նորան տեսան, շատ սքանչացան. Եւ նորա մայրն ասեց նորան. Որդեակ, ի՞նչու համար մեզ այսպէս արիր. Ահա, հայրդ եւ ես ցաւելով որոնում էինք քեզ։ 49Եւ նա նորանց ասեց. Ի՞նչու համար էիք ինձ որոնում. Դուք չ’գիտէի՞ք թէ պէտք է, * որ ես իմ Հօր տանը լինեմ։ 50Եւ * նորանք չ’հասկացան այն խօսքը որ նորանց հետ խօսեց։ 51Եւ նա նորանց հետ իջաւ եւ գնաց Նազարէթ. Եւ նորանց հնազանդ էր. * եւ նորա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտումը։ 52Եւ Յիսուսը * զարգանում էր իմաստութիւնով եւ հասակով, եւ շնորհքով՝ Աստուծոյ եւ մարդկանց մօտ։

*2.2 Գոր. ե. 37։

*2.4 ա Թագ. ժզ. 1, 4։ Յովհ. է. 42։

*2.4 Մատ. ա. 16։ Գլ. ա. 27։

*2.7 Մատ. ա. 25։

*2.9 Գլ. ա. 12։

*2.10 Ծն. ժբ. 3։ Մատ. իը. 19։ Մար. ա. 15։ Հմր. 31, 32։ Գլ. իդ. 47։ Կող. ա. 23։

*2.11 Ես. թ. 6։

*2.11 Մատ. ա. 21։

*2.11 Մատ. ա. 16։ ժզ. 16։ Գլ. ա. 43։ Գոր. բ. 36։ ժ. 36։ Փիլ. բ. 11։

*2.13 Ծն. իը. 12։ լբ. 1, 2։ Սաղ. ճգ. 20, 21։ ճխը. 2։ Դան. է. 10։ Եբր. ա. 14։ յայտ. ե. 11։

*2.14 Գլ. ժթ. 38։ Եփես. ա. 6։ գ. 10, 21։ յայտ. ե. 13։

*2.14 Ես. ծէ. 19։ Գլ. ա. 79։ Հռովմ. ե. 1։ Եփես. բ. 17։ Կող. ա. 20։

*2.14 Յովհ. գ. 16։ Եփես. բ. 4, 7։ բ Թես. բ. 16։ ա Յովհ. դ. 9, 10։

*2.19 Ծն. լէ. 11։ Գլ. ա. 66։ Հմր. 51։

*2.21 Ծն. ժէ. 12։ Ղ—. ժբ. 3։ Գլ. ա. 59։

*2.21 Մատ. ա. 21, 25։ Գլ. ա. 31։

*2.22 Ղ—. ժբ. 2-4, 6։

*2.23 Ել. ժգ. 2։ իբ. 29։ լդ. 19։ Թու. գ. 13։ ը. 17։ ժը. 15։

*2.24 Ղ—. ժբ. 2, 6, 8։

*2.25 Ես. խ. 1։ Մար. ժե. 43։ Հմր. 38։

*2.26 Սաղ. ձթ. 48։ Եբր. ժա. 5։

*2.27 Մատ. դ. 1։

*2.29 Ծն. խզ. 30։ Փիլ. ա. 23։

*2.30 Ես. ծբ. 10։ Գլ. գ. 6։

*2.32 Ես. թ. 2։ խբ. 6։ խթ. 6։ կ. 1-3։ Մատ. դ. 16։ Գոր. ժգ. 47։ իը. 28։

*2.34 Ես. ը. 14։ Ովս. ժդ. 9։ Մատ. իա. 44։ Հռովմ. թ. 32, 33։ ա Կոր. ա. 23, 24։ բ Կոր. բ. 16։ ա Պետ. բ. 7, 8։

*2.34 Գոր. իը. 22։

*2.35 Սաղ. խբ. 10։ Յովհ. ժթ. 25։

*2.37 Գոր. իզ. 7։ ա Տիմ. ե. 5։

*2.38 Մար. ժե. 43։ Հմր. 25։ Գլ. իդ. 21։

*2.40 Հմր. 52։ Գլ. ա. 80։

*2.41 Ել. իգ. 15, 17։ լդ. 23։ բ Օր. ժզ. 1, 16։

*2.47 Մատ. է. 28։ Մար. ա. 22։ Գլ. դ. 22, 32։ Յովհ. է. 15, 46։

*2.49 Յովհ. բ. 16։

*2.50 Գլ. թ. 45։ ժը. 34։

*2.51 Դան. է. 28։ Հմր. 19։

*2.52 ա Թագ. բ. 26։ Հմր. 40։