Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Անանիա սուտ մարգարէն հակառակում է Երեմիային։ Սա նորան յայտնում է նորա…

Անանիա սուտ մարգարէն հակառակում է Երեմիային։ Սա նորան յայտնում է նորա մահը, և նա էլ մեռնում է։

1Եւ եղաւ * այն տարին Յուդայի թագաւոր Սեդեկիայի թագաւորութեան սկզբումը, չորրորդ տարուայ հինգերորդ ամսումն Ազուրի որդի Անանիա մարգարէն, որ Գաբաւոնիցն է, Տիրոջ տանը քահանաների եւ բոլոր ժողովրդի աչքի առաջին ասեց ինձ. 2Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը թէ * Ես կոտրեցի Բաբիլոնի թագաւորի լուծը. 3* Մինչեւ երկու տարին ես ետ եմ բերելու այս տեղը Տիրոջ տան բոլոր անօթները, որոնք Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը վեր է առել այստեղիցը եւ նորանց տարել Բաբիլոն։ 4Եւ Յուդայի թագաւոր Յովակիմի որդի Յեքոնիային էլ եւ Յուդայի բոլոր գերիներին, որ գնացել են Բաբիլոն, ես ետ եմ դարձնելու այս տեղը, ասում է Տէրը. Որովհետեւ ես կոտրելու եմ Բաբիլոնի թագաւորի լուծը։

5Եւ Երեմիա մարգարէն ասեց Անանիա մարգարէին քահանաների առաջին եւ բոլոր ժողովրդի առաջին որ կանգնած էին Տիրոջ տանը, 6Եւ Երեմիա մարգարէն ասեց * Ամէն. Այդպէս անէ Տէրը, Տէրը հաստատէ քո խօսքերը, որ մարգարէացար Տիրոջ տան անօթները եւ բոլոր գերիներին Բաբիլոնից այստեղը ետ դարձնելու համար։ 7Բայց մէկ լսիր այս խօսքը, որ ես եմ խօսում քո ականջների եւ բոլոր ժողովրդի ականջների առաջին. 8Այն մարգարէները, որոնք վաղուց կային ինձանից եւ քեզանից առաջ, մարգարէանում էին շատ երկիրների եւ մեծ թագաւորութիւնների դէմ պատերազմ եւ չարիք, եւ ժանտախտ։ 9* Այն մարգարէն, որ խաղաղութիւն է մարգարէանում, երբոր այն մարգարէի խօսքը կատարուի, այն ժամանակ ճանաչվում է այն մարգարէն, թէ ճշմարտապէս Տէրն է ուղարկել նորան։

10Եւ Անանիա մարգարէն * վեր առաւ լուծը Երեմիա մարգարէի պարանոցիցը եւ կոտրեց նորան։ 11Եւ Անանիան ասեց բոլոր ժողովրդի աչքի առաջին թէ Այսպէս է ասում Տէրը. Ես մինչեւ երկու տարի սորա նման կոտրելու եմ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի լուծը * բոլոր ազգերի պարանոցի վերայից. Եւ Երեմիա մարգարէն գնաց իր ճանապարհը։

12Եւ Տիրոջ խօսքն եղաւ Երեմիային, Անանիա մարգարէն լուծը Երեմիա մարգարէի պարանոցի վերայից կոտրելուց յետոյ ասելով. 13Գնա եւ ասիր Անանիային թէ Այսպէս է ասում Տէրը. Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նորանց տեղը պիտի երկաթի լուծեր շինես։ 14Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ես երկաթի լուծ եմ դնում այս * բոլոր ազգերի պարանոցին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին ծառայելու համար, եւ նորանք պիտի ծառայեն նորան, եւ * դաշտի գազաններն էլ եմ տուել նորան։

15Եւ Երեմիա մարգարէն ասեց Անանիա մարգարէին. Լսիր, Անանիա, Տէրը քեզ չէ ուղարկել, եւ դու * սուտի յուսացրիր այս ժողովրդին։ 16Դորա համար այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ դուրս պիտի գցեմ երկրի երեսիցը. Այս տարի պիտի մեռնես, որ * ապստամբութիւն խօսեցիր Տիրոջ դէմ։ 17Եւ Անանիա մարգարէն մեռաւ այն տարին՝ եօթներորդ ամսումը։

*28.1 Գլ. իէ. 1։

*28.2 Գլ. իէ. 12։

*28.3 Գլ. իէ. 16։

*28.6 գ Թագ. ա. 36։

*28.9 բ Օր. ժը. 22։

*28.10 Գլ. իէ. 2։

*28.11 Գլ. իէ. 7։

*28.14 բ Օր. իը. 48։ Գլ. իէ. 4-7։

*28.14 Գլ. իէ. 6։

*28.15 Գլ. իթ. 31։ Եզեկ. ժգ. 22։

*28.16 բ Օր. ժգ. 5։ Գլ. իթ. 32։