Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսի այլակերպութիւնը։ Բժշկում է լուսնոտին։ Հատուցանում է երկդրամե…

Քրիստոսի այլակերպութիւնը։ Բժշկում է լուսնոտին։ Հատուցանում է երկդրամեանը։

1Եւ * վեց օրից յետոյ Յիսուսը Պետրոսին եւ Յակոբին եւ նորա եղբայր Յովհաննէսին իր հետն առաւ, եւ նորանց առանձին մի բարձր սար հանեց։ 2Եւ նորանց առաջին կերպարանափոխուեցաւ, եւ նորա երեսը փայլեց ինչպէս արեգակը, եւ նորա հանդերձները լոյսի պէս սպիտակ եղան։ 3Եւ ահա երեւեցան նորանց Մովսէսը եւ Եղիան, որ նորա հետ խօսում էին։ 4Եւ Պետրոսը պատասխանեց եւ ասեց Յիսուսին. Տէր, լաւ է որ մենք այստեղ լինենք. Եթէ կամենաս, այստեղ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ համար, մէկը՝ Մովսէսին, եւ մէկը՝ Եղիային։ 5Եւ * նա տակաւին խօսելիս, ահա մի լուսաւոր ամպ հովանի եղաւ նորանց վերայ. Եւ ահա մի ձայն եղաւ այն ամպիցը եւ ասեց. * Դա է իմ սիրելի Որդին, * որին ես հաւանել եմ. Դորան լսեցէք։ 6Եւ * աշակերտները լսելով՝ իրանց երեսների վերայ ընկան, եւ շատ վախեցան։ 7Եւ Յիսուսը մօտեցաւ՝ նորանց բռնեց եւ ասեց. Վեր կացէք եւ մի վախենաք։ 8Եւ նորանք իրանց աչքերը բարձրացրին, ու ոչ ոքին չ’տեսան, միայն Յիսուսին։

9Եւ նորանք սարիցը իջնելիս, * Յիսուսը նորանց պատուիրեց եւ ասեց. Ոչ ոքի չ’ասէք այդ տեսիլքը, մինչեւ որ մարդի Որդին մեռելների միջից յարութիւն առնէ։ 10Եւ նորա աշակերտները հարցրին նորանից եւ ասեցին. Ապա * ի՞նչու դպիրները ասում են, թէ Առաջ Եղիան պէտք է գայ։ 11Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իրաւ առաջ Եղիան կ’գայ եւ * ամեն բան կ’վերանորոգէ։ 12* Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան արդէն եկել է, եւ նորան չ’ճանաչեցին. Այլ * ինչ որ ուզեցին՝ նորան արին. Այնպէս էլ * մարդի Որդին չարչարուելու է նորանցից։ 13* Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի համար ասեց նորանց։

14* Եւ երբոր նորանք ժողովրդի մօտ եկան, մի մարդ մօտեցաւ նորան եւ առաջը ծունկ դնելով՝ ասում էր. Տէր, իմ որդուն ողորմիր, որ լուսնոտում է՝ եւ չարաչար տանջվում է. Որովհետեւ շատ անգամ կրակն է ընկնում, եւ շատ անգամ ջուրը։ 15Եւ ես նորան քո աշակերտների մօտ բերի, եւ չ’կարողացան նորան բժշկել։ 16Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անհաւատ եւ խոտորեալ ազգ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ համբերեմ. Նորան ինձ մօտ բերէք այստեղ։ 17Եւ Յիսուսը նորան սաստեց. Եւ դեւը նորանից դուրս եկաւ, եւ տղան նոյն ժամից բժշկուեցաւ։ 18Այն ժամանակ աշակերտներն առանձին Յիսուսի մօտ եկան եւ ասեցին. Մենք ի՞նչու չ’կարողացանք հանել նորան։ 19Յիսուսն էլ ասեց նորանց, Ձեր թերահաւատութեան համար. Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ՝ եթէ * մանանեխի հատի չափ հաւատք ունենաք, այս սարին կ’ասէք՝ փոխադրուիր այստեղից այնտեղ, եւ նա կ’փոխադրուի. Եւ ոչինչ անկարելի չի լինիլ ձեզ համար։ 20Բայց այս ցեղը դուրս չի գալ եթէ ոչ աղօթքով եւ ծոմով։

21Եւ * երբոր նորանք Գալիլեայի մէջ ման էին գալիս, Յիսուսը նորանց ասեց. Մարդի Որդին մարդկանց ձեռն է մատնուելու։ 22Եւ նորան կ’սպանեն, եւ երրորդ օրը յարութիւն կ’առնէ. Եւ նորանք շատ տրտմեցան։

23Եւ * երբոր նորանք Կափառնայում եկան, * երկդրամեան ուզողները Պետրոսի մօտ եկան եւ ասեցին. Ձեր վարդապետը երկդրամեանը չէ՞ վճարում։ Նա ասեց՝ Այո։ 24Եւ երբոր տունը մտաւ, Յիսուսը նորանից առաջ սկսեց եւ ասեց, Քեզ ի՞նչպէս է երեւում, Սիմօն, երկրի թագաւորներն ումի՞ց են առնում հարկը կամ տուրքը, իրանց որդիների՞ցը թէ օտարներիցը։ 25Պետրոսն ասեց նորան. Օտարներիցը։ Յիսուսը նորան ասեց. Ապա ուրեմն ազատ են որդիները։ 26Բայց որպէսզի նորանց չ’գայթակղեցնենք, գնա ծովը եւ կարթը գցիր, եւ առաջի դուրս եկող ձուկն առ՝ բերանը բաց, եւ մի սատեր կ’գտնես. Այն առ տուր նորանց իմ եւ քո տեղ։

*17.1 Մար. թ. 1։ Ղուկ. թ. 28-36։

*17.5 բ Պետ. ա. 17։

*17.5 Գլ. դ. 17։ Մար. ա. 11։ Ղուկ. գ. 22։

*17.5 բ Օր. ժը. 15, 19։ Գոր. գ. 22, 23։

*17.6 բ Պետ. ա. 18։ Դան. ը. 18։ թ. 21։ ժ. 10, 18։

*17.9 Գլ. ժզ. 20։ Մար. ը. 30։ թ. 9։

*17.10 Մաղ. դ. 5։ Գլ. ժա. 14։ Մար. թ. 10։

*17.11 Մաղ. գ. 6։ Ղուկ. ա. 16, 17։ Գոր. գ. 21։

*17.12 Գլ. ժա. 14։ Մար. թ. 11, 12։

*17.12 Գլ. ժդ. 3, 10։

*17.12 Գլ. ժզ. 21։

*17.13 Գլ. ժա. 14։

*17.14 Մար. թ. 14-29։ Ղուկ. թ. 37-42։

*17.19 Գլ. իա. 21։ Մար. ժա. 23։ Ղուկ. ժէ. 6։ ա Կոր. ժբ. 9։ ժգ. 2։

*17.21 Գլ. ժզ. 21։ ի. 17։ Մար. ը. 31։ թ. 29, 30։ ժ. 33։ Ղուկ. թ. 22, 44։ ժը. 31։ իդ. 6, 7։

*17.23 Մար. թ. 32։

*17.23 Տես Ել. լ. 13։ լը. 26։